31/4 Charents St, Yerevan 0025
(010) 540631

Առցանց զրույցների “Բեսեդկա” հարթակ

Image

“Բեսեդկա”․ հետաքրքիր զրուցակիցներ և արտասովոր թեմաներ

“Բեսեդկա”-ն առցանց զրույցների հարթակ է, որ ստեղծվել է Կովկասի ինստիտուտի կողմից։ Ինչու՞ “բեսեդկա”։ Որովհետև մեր՝ հետխորհրդային երկրներում յուրաքանչյուր բակում կա զրուցարան/բեսեդկա, որտեղ քննարկում են քաղաքականությանը, հասարակական կյանքին ու, առհասարակ, կյանքին վերաբերող հարցեր։ Զրույցները հեռարձակվում են ուղիղ եթերում՝ Կովկասի ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։ Զրուցում ենք տարբեր լեզուներով, քանի որ մեր զրուցակիցները միանում են տարբեր երկրներից։ Զրույցները կարող եք լսել նաև փոդքասթի տեսքով։

ԷՊԻԶՈԴՆԵՐ

Զրույց “բեսեդկաների” մասին. ինչպես էր սրճարաններում փլուզվում ԽՍՀՄ-ը (ռուսերեն)

Image

Մոսկովյան հանրահայտ խոհանոցները և երևանյան ոչ պակաս հանրահայտ սրճարանները. ինչպիսի՞ն էին խորհրդային ժամանակաշրջանի բանավեճերի հարթակները: Ինչպիսի՞ն էր այն պայմանական “բեսեդկան” (զրուցարանը), որին հաջողվեց կոտրել Խորհրդային Միության ողնաշարը: Այս և շատ այլ հարցերի շուրջ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ զրուցում է ինստիտուտի գիտաշխատող Գոռ Պետրոսյանը 2020թ. հունիսի 18-ին:  

Երևան. արդյո՞ք միայն ճարտարապետներն են կերտում քաղաքը (հայերեն)

Image

Կովկասի ինստիտուտի "Բեսեդկան" 02.07.2020 հյուրընկալել է Ա. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, լրագրող ու «Անծանոթ Երեւան» հաղորդաշարի հեղինակ Մարկ Գրիգորյանին: Նա մեր վիրտուալ զրուցարանը լցրեց իսկական երևանյան մթնոլորտով, պատմությամբ ու կարոտով: Խոսել ենք այն մասին, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոփոխվել Երևանի հանդեպ վերաբերմունքը և ինչպես է զարգացել քաղաքը:  

Արաբական երկրներում աշխատող լրագրողը (անգլերեն)

.

Image

Ինչպիսի՞ փորձառություն է պատերազմի տարիներին Բեյրութում դպրոց հաճախելը: Ինչու՞ արաբերենում չկա ցեղասպանությանը համարժեք բառ: Այս և շատ այլ թեմաներ, այդ թվում՝ “արաբական գարունն” ու օսմանյան ժառանգությունը, Նինա Իսկանդարյանը քննարկել է լրագրող և քաղաքական վերլուծաբան Վիկեն Չեթերյանի հետ իր զրույցում: 

Սուրճի բույրով Հայաստան (հայերեն)

Image

Ինչպե՞ս Հայաստանում սկզբնավորվե՞ց սուրճի մշակույթը: Որտեղի՞ց եկավ և ի՞նչ փոփոխություններ կրեց ժամանակի ընթացքում: Տարբերվու՞մ է արդյոք սրճախմության ծեսն ու դրա խորհուրդը տղամարդկանց և կանանց համար: Այս և բուրումնավետ ըմպելիքի հետ Հայաստանի հարաբերություններին առնչվող այլ թեմաներով Կովկասի ինստիտուտի Բեսեդկայում օգոստոսի 6-ին զրուցել ենք պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող,  ազգագրագետ և մշակութային մարդաբան Գայանե Շագոյանի հետ:

Ինչպե՞ս են պետությունները դառնում հարուստ (ռուսերեն)

Image

Ինչպե՞ս են հարուստ երկրները դարձել հարուստ, և ինչու՞ են աղքատ երկրները մնում աղքատ: Ո՞րն է կապը արդիականացման և և զարգացման միջև: Մեր Բեսեդկայում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը տնտեսական արդիականացման և դրա առաջացրած հակասությունների մասին զրուցում է Աբու-Դաբիի Նյու Յորքի համալսարանի սոցիալական հետազոտությունների և հասարակական քաղաքականության ֆակուլտետի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանի հետ:

Լրագրության ուղին, լրագրողի ուղին (հայերեն)

Image

 

Ի՞նչ ուղի է անցել հայկական լրագրությունը մեր երկրի անկախացումից ի վեր: Ի՞նչ էր կատարվում հայկական լրագրության հետ 90-ականներին: Ի՞նչ է փոխվել լրատվական որոլտում հեղափոխությունից հետո: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ Կովկասի ինստիտուտի Բեսեդկայում սեպտեմբերի 7-ին զրուցեցինք հայ լրագրության իսկական նվիրյալ, «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանի հետ:

Անծանոթ Բելառուս (ռուսերեն)

Image

Տասնամյակներով Բելառուսի կերպարանքն արտաքին աշխարհի համար բաղկացած էր միայն Լուկաշենկոյից: Այժմ դա Լուկաշենկոյի և բելառուսական հասարակության միջև դիմակայությունն է: Իսկ ինչպիսի՞ն է բելառուսական հասարակությունը, և ինչպե՞ս կարելի է դա իմանալ խոսքի ազատության սահմանափակումների և հանրային կարծիքի հարցումների բացակայության պայմաններում: Անծանոթ Բելառուս: Այսպիսին է Կովկասի ինստիտուտի Բեսեդկայում հերթական հանդիպման թեման: 

 

Նինա Իսկանդարյանի զրուցակիցն է Եվգենի Պրեյգերմանը`  միջազգային հարաբերությունների երիտասարդ մասնագետ Մինսկից, «Минский диалог» փորձագիտական նախաձեռնության հիմնադիր և ղեկավար:

error: Content is protected !!
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien