2020 թ. հունիսից օգոստոս Կովկասի ինստիտուտն իրականացրել է «Հարավային Կովկաս. քաղաքականությունը ճգնաժամի պայմաններում» նախագիծը: Այն իրենից ներկայացնում էր հայ երիտասարդների համար առցանց դասընթաց, որը դիտարկում էր քաղաքականությունը Հարավային Կովկասում համավարակի ժամանակ և ուղղված էր նրանց մոտ քաղաքական վերլուծության կարողությունների ձևավորմանը: Նախագիծն իրականացվել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
Ներածություն / Համատեքստ
Աշխարհի բոլոր երկրները բախվել են առողջապահական ճգնաժամի և դրան պատշաճ և ժամանակին արձագանքելու անհրաժեշտության հետ: Առերեսվելով անսպասելի համավարակի զսպման և հաղթահարման խնդիրներին, ներառյալ համավարակի հնարավոր քաղաքական և տնտեսական հետևանքները, կառավարությունները տարբեր կերպ են արձագանքում: Հարավային Կովկասի երեք պետությունները` Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, բացառություն չեն: Նրանց արձագանքը տարբեր էր` քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային տարբեր գործոնների պատճառով:
Կրթական ծրագիրն ուսումնասիրում էր, թե ինչպե՞ս է համավարակի բռնկումն անդրադարձել տարածաշրջանի երկրների քաղաքական լանդշաֆտի, դրանց բարեփոխումների օրակարգի, քաղաքական համակարգերի, տնտեսական զարգացման և այլնի վրա: Այն վերլուծում էր Հարավային Կովկասի երկրների որդեգրած զսպման տարբեր քաղաքականությունները և օգնում հասկանալ դրանց հիմնական պատճառները: Ծրագիրն անդրադառնում էր նաև պատմությանը` կենտրոնանալով ինդուստրիալիզացիայի շրջանում ճգնաժամերի հաղթահարման Եվրոպայի փորձի վրա:
Նպատակներ
Այս ծրագրի նպատակն էր հայ երիտասարդությանը հնարավորություն տալ հասկանալու և մեկնաբանելու ճգնաժամի ընթացքում փոփոխվող քաղաքական իրողությունները: Մասնակիցները ծանոթանում էին այլընտրանքային տեսակետներին և ստանում արդիական տեղեկատվություն, որը դեռևս հասանելի չէ ուսումնական հաստատություններում:
Ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունները
Ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Քաղաքականությունը ճգնաժամի պայմաններում․ Հարավային Կովկասի օրինակը» խորագրով 6-շաբաթյա առցանց դասընթաց` մոտ 30 ուսանողների համար, որոնք նախապես ընտրվել են մրցութային սկզբունքով: Դասընթացի հիմքում ընկած էր տեղի ունեցող առողջապահական ճգնաժամին ի պատասխան Հարավային Կովկասում իրականացվող քաղաքականության փոփոխությունների ընկալումը։ Ուսումնական ծրագիրը նախատեսված էր հայ երիտասարդների, ուսանողների, երիտասարդ հետազոտողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:
Կովկասի ինստիտուտը ներգրավել է իր աշխատակիցներին և հրավիրել դասախոսների Հայաստանից և արտերկրից` ամեն շաբաթ տարբեր թեմաներին նվիրված դասախոսություն վարելու։ Թեմաների թվում էին COVID-19-ի համավարակի քաղաքական և տնտեսական ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա, Վրաստանում համախմբման էֆեկտը, Հայաստանի բարեփոխումների` ճգնաժամի թոհուբոհում սառեցված օրակարգը, վնասներն ու ռիսկերը նվազեցնելու` պետությունների որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև միջնադարից Եվրոպայում տեղի ունեցած համաճարակների և քաղաքականության, տնտեսության և հասարակության վրա դրանց ազդեցության վերաբերյալ պատմական համեմատական ակնարկը: Ամենշաբաթյա դասախոսություններն անցկացվում էին հեռավար հաղորդակցության Zoom հարթակում:
Դասախոսությունների տեսագրությունները մոնտաժվել և հրապարակվել են Կովկասի ինստիտուտի սոցիալական էջերում (Facebook, Twitter, LinkedIn, Youtube): Ամեն շաբաթ մասնակիցները ստանում էին հանձնարարություններ և թեստեր: Հանձնարարություններն ու թեստերը ուսանողներին ուղարկվում էին Google drive-ի միջոցով, ուսանողների և դասախոսների միջև գաղափարների փոխանակման, դասախոսությունների ընթացքում անպատասխան մնացած հարցերի քննարկման համար ստեղծվել է Facebook-յան փակ խումբ:
Ուսանողներին առաջարկել է պատրաստել բլոգային գրառումներ դասընթացին առնչվող տարբեր թեմաների շուրջ: Լավագույն գրառումները հրապարակվել են Կովկասի ինստիտուտի http://blog.c-i.am/ բլոգում: Հեղինակները ստացել են փոքր պարգևատրում: Բացի այդ, մասնակիցները ստացել են ավարտական առցանց վկայականներ: