Թեմայի շրջանակներում ուսումնասիրում ենք ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման, փոխակերպման և կայացման գործընթացները Հայաստանում և Հարավային Կովկասում: Ծրագրի հիմնական նպատակն է ազգային ինքնության ձևավորման բնագավառում գոյություն ունեցող խնդիրների և միտումների վերաբերյալ ձևավորել խելամիտ դիսկուրս՝ հենվելով փորձառական փաստերի և ժամանակակակից քաղաքական տեսությունների վրա, առաջ քաշել ժամանակակից տեխնոլոգիաների տեսանկյունից կենսունակ լուծումներ՝ օգտվելով այս բնագավառում կուտակված միջազգային փորձից:
Թեման ընդգրկում է.
- Կովկասյան ամենամյա գիտաժողովը միջազգային իրադարձություն է, որը միավորում է փորձագետներ Հարավային Կովկասի երեք պետություններից՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Ռուսաստանից՝ ներառյալ Հյուսիսային Կովկասը, Թուրքիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև ԵՄ երկրներից` քննարկելու տարածաշրջանում ընթացող զարգացումները, կառավարման և անցումային գործընթացների հետ կապված խնդիրները: Կովկասյան գիտաժողովը Հայաստանում միակ պարբերաբար անցկացվող բանավեճային ֆորմատն է, որն ուղղված է տարածաշրջանի բազմակողմանի վերլուծությանը՝ ներկայացնելով և՛ տեղական, և՛ արտաքին գործոնները, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման միտումների և մարտահրավերների գնահատմանը:
- Կովկասյան տարեգիրքը ռուսալեզու հրատարակություն է, որում ընդգրկված են կովկասյան գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցներն ու վերլուծությունները` հիմնված Հարավային Կովկասում ազգաստեղծման, ժողովրդավարության, ԵՄ ինտեգրման վերաբերյալ հետազոտությունների արդյունքների վրա: Տարեգիրքը նվիրված է մի կողմից ինքնիշխան երեք պետությունների և դե-ֆակտո միավորների, մյուս կողմից էլ՝ տարածաշրջանում արտաքին դերակատարների գործողությունների ուսումնասիրությանը (Արևմուտք, Ռուսաստան, Թուրքիա):
- «Ինքնություններ, գաղափարախոսություններ և ինստիտուտներ». անգլալեզու ժողովածու, որը ներկայացնում է 2001-2011թթ. Կովկասի վերաբերյալ կատարաված ուսումնասիրության արդյունքները: Հետազոտությունները ընտրվել են հաշվի առնելով ուսումնասիրվող թեմայի յուրօրինակությունն ու արդիականությունը, ինչի շնորհիվ էլ 2000-ականների սկզբներին կատարված հետազոտությունները արդիական են և արծարծում են հրատապ թեմաներ:
- Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հասարակական բանավեճեր Երևանում. Հեյնրիխ Բյոլ հիմնադրամի հետ համատեղ այս ծրագիրը մեկնարկել է 2012թ.-ի հոկտեմբերին: Քննարկվող հիմնական թեմաներն են քաղաքականության վերաբերյալ հրատապ խնդիրներ: Բանավեճերի մասնակիցները միմյանց հակասող կարծիքներ ունեցող անձինք են, որոնք ներկայացնում են կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և գիտական միջավայրը, ինչի արդյունքում էլ ստացվում են աշխույժ և բազմակարծ քննարկումներ:
- Էլիտաները և ոչ ֆորմալ ինստիտուտները Հայաստանում: Առաջին փորձառական հետազոտությունը իրականացվել է 2012-ի սեպտեմբերին` ԿԱՇՑ-ի հետ համատեղ: Սա նորարարական ծրագիր է, քանի որ ոչ ֆորմալ հաստատությունները դեռևս հետազոտված չեն Հարավային Կովկասում, թեև դրանք բավականին նշանակալի են քաղաքական և տնտեսական բնագավառում:
- Անցումային պետություններ զեկույց. 5 տարի շարունակ Հայաստանի մասին զեկուցը պատրաստվել է ԿԻ-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կողմից` ԿԻ-ի հետազոտող Հրանտ Միքաելյանի օգնությամբ: